Քաղաքային թափառումներ. իմ հանդիպումը Զանգվի հետ

Զարմանալի է ընդունել, որ քո հարազատ քաղաքում, քո կողքին կա մի չքնաղ ու ոգեշնչող վայր, որին մինչ այժմ անտեղյակ ես եղել: Այս կիրակի, իմ սիրելի տիար Բլեյանի և Քնարիկ Ներսիսյանի պնդմամբ, դժվարությամբ թոթափեցի իմ առօրյա հոգսերը և որոշեցի մասնակցել «Գետը քաքում» նախագծի քայլարշավին: Բնիկ երևանցի լինելով հանդերձ, նույնիսկ չէի պատկերացնում, որ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Զանգվի հարևանությամբ: Երբ տիար Բլեյանի առաջնորդությամբ հայտնվեցինք ճանապարհին հանդիպած նրա վաղեմի ծանոթ՝ նկարիչների հյուրընկալ հարկի տակ, իմ առջև հիասքանչ և անմոռանալի տեսարան բացվեց: Ես տեսա Զանգվի կիրճով տարածվող Երևանի համայնապատկերը:

Հետո մենք երկար քայլեցինք… Այդ պատկերը տեսնելուց հետո Երևանի անճաշակ նորակառույց շենքերն ու պարիսպներն ինձ ավելի տգեղ թվացին: Այդ ժամանակ ես ողջ խորույթամբ ընկալեցի տիար Բլեյանի դժգոհությունը՝ քաղաքի, անճաշակ շենքերի, բնությունից ու գեղեցկությունից անջատող խուլ պարիսպների վերաբեյալ…

Երկար քայլեցինք: Ողջ ճանապարհին տիարը պատմում էր իր պատկերացրած Երևանի, Զանգվի ողջ երկայնքով ձգվող խաղողի այգիների և փոքրիկ գինեգործական կառույցների մասին…

Ամբողջ ճանապարհին լսում էինք, թե ինչպիսին կարող էր լինել Զանգուն, եթե մեզանից յուրաքանչյուրը կարողանար տեսնել և գնահատել ունեցածը, եթե միասնական ուժերով փորձեինք մաքրել, խնամել և սիրել մեր այսքա՜ն գեղեցիկ գետը:Զանգուն ամեն օր քչքչում է մեր կողքին, իսկ մենք ապրում ենք նրա ուրախ քչքչոցին անտեղյակ…

Ամեն քայլափոխի տեսնում էինք, թե մարդը՝ իր ներկայությամբ ինչպես է փչացրել և խաթարել բնությունը: Տպավորություններս ու զգացմունքներս այնքա՜ն շատ են, որ ամբողջը փոխանցել չեմ կարող:Միայն կարող եմ շնորհակալ լինել, որ իմ կողքին խորաթափանց և ամենատես տիար Բլեյան ունեմ՝ ում շնորհիվ տեսնում և արժեվորում եմ ինձ համար սիրելի, բայց օտարված կարևոր բաներ: Իսկ մնացածը ՝ նկարաշարը կպատմի։

Оставьте комментарий